Իրանը միջնորդներին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բա...

Իրանը միջնորդներին ներկայացրել է երեք փուլով ծրագիր, որի շրջանակում պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Թեհրանում Al Mayadeen-ի թղթակիցը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունների առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման, ինչպես նաև Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքների վրա։ Այս փուլում այլ հարցեր չեն քննարկվի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա «գործընթացը կմտնի երկրորդ փուլ, որը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա»։

Ըստ տեղեկությունների՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ քննարկումները կհամակարգվեն Օմանի հետ։

Երրորդ փուլն, ըստ Իրանի առաջարկի, կապված է միջուկային հարցի շուրջ քննարկումների հետ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրանական կողմը «հրաժարվում է քննարկել այս հարցը, մինչև առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի»։

Եթե ԱՄՆ-ն ընդունի համապատասխան բանակցային պլանը, Իրանը կհամաձայնի հաջորդ փուլին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Այժմ Պակիստանը փորձում է ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։