Իրանը մի քանի տարբերակ է պատրաստել Իսրայելի հ...

Իսրայելի հնարավոր հարվածին Իրանի արձագանքը կախված կլինի դրա լրջությունից: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Իրանցի չորս պաշտոնյաների խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զինվորականներին կարգադրել է բազմաթիվ ռազմական պլաններ մշակել Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար:

Հրատարակության զրուցակիցները նշել են, որ իրանական պատասխանի մասշտաբները մեծապես կախված կլինեն իսրայելական գրոհների լրջությունից։

Այսպես, եթե Իսրայելը սահմանափակի իր գրոհները մի քանի ռազմակայաններով և պահեստներով, որոնցում պահվում են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ապա Իրանը կարող է ոչինչ չձեռնարկել, հայտնել են աղբյուրները:

Բայց եթե իսրայելական հարվածը զգալի վնաս պատճառի և հանգեցնի բազմաթիվ զոհերի, ապա Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի:

Թեհրանը նաև կպատասխանի, եթե Իսրայելը հարված հասցնի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքներին կամ միջուկային օբյեկտներին, ինչպես նաև՝ եթե սպանի բարձրաստիճան պաշտոնյաների:

Հոկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ձգտում է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, սակայն ընդգծել է, որ Իրանի դեմ Իսրայելի ցանկացած գործողություն կհանգեցնի «վճռական և աներևակայելի պատասխանի»:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային ղեկավարների սպանությունների: Թեհրանում հայտարարել են, որ հրթիռների 90 %-ը հաջողությամբ խոցել են նշված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանն արձակել է շուրջ 180 հրթիռ, և դրանց մեծ մասը կալանվել է: Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը: