Ֆիլիպինները Իրանից երաշխիք են ստացել, որ իրանական կողմը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, վառելիքի և ֆիլիպինցի ծովագնացների անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման հավաստիացում տրվել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոյի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցից հետո։
«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը վստահեցրել է պետքարտուղարին, որ Իրանը կթույլատրի ֆիլիպինյան դրոշի ներքո նավարկող նավերի, էներգիայի աղբյուրների և բոլոր ֆիլիպինյան ծովագնացների անվտանգ, անարգել և արագ անցումը Հորմուզի նեղուցով», - ասվում է Ֆիլիպինների ԱԳՆ հայտարարության մեջ։
Լազարոն արդյունավետ է որակել զրույցը՝ հայտնելով, որ նրանք «դրական փոխըմբռնման» են հասել՝ ծովագնացների անվտանգությունն ու Ֆիլիպինների էներգետիկ կարիքները բավարարելու հարցում։
«Հաշվի առնելով, որ Ֆիլիպիններն իր էներգետիկ կարիքների մեծ մասը ներմուծում է Մերձավոր Արևելքից, Իրանի կողմից տրամադրվող այս երաշխիքները զգալիորեն կնպաստեն Ֆիլիպիններ կարևոր նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարմանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։



