ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը Ամիր Սաիդ Իրավանին երկու առանձին նամակներով, որոնք ուղղված են եղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, կոչ է արել Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին պահպանել բարիդրացիության սկզբունքները և թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումը Իրանի դեմ։ Հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Հաշվի առնելով պետությունների միջազգային պատասխանատվությունը, որը ծագում է այն դեպքում, երբ իրենց տարածքը տրամադրվում է երրորդ պետության տարածքի դեմ ագրեսիայի և զինված հարձակումների իրականացման համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական և կտրուկ բողոք է հայտնում վերոնշյալ անօրինական գործողությունների կապակցությամբ», — նշել է դեսպանը երկուշաբթի տեղական ժամանակով ուղարկված նամակներում՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին։
Իրավանին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն կոչ է անում Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին պահպանել բարիդրացիության սկզբունքները և չթույլատրել իրենց տարածքի հետագա օգտագործումը Իրանի դեմ։
Դեսպանը նաև նշել է, որ, հավատարիմ մնալով բարիդրացիության և Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքին, Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն վերապահում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի իրականացումը, իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը պաշտպանելու համար։



