Իսրայելի հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը որոշել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին հայտնում է Axios պորտալի թղթակիցը ՝ վկայակոչելով երկու աղբյուրի։
«Իսրայելական հետախուզական ծառայությունների թարմացված գնահատականի համաձայն՝ Իրանը որոշել է ուղղակիորեն հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության, և դա կարող է տեղի ունենալ օգոստոսի 15-ին պատանդների վերաբերյալ բանակցություններից օրեր առաջ», -նշված է հոդվածում։
Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի սրվեց ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությամբ։ Նա սպանվել է հուլիսի 31-ին Թեհրանում, ուր ժամանել էր մասնակցելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Դրանից հետո Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին կասկածի տակ դրեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում միջնորդության արդյունավետությունը, իսկ Իրանի իշխանությունները մեղադրեցին Իսրայելին Հանիեի սպանության համար և սպառնացին հրեական պետությանը պատասխանով:



