
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը վերսկսելու շուրջ Եգիպտոսում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունն այլևս չի կարող վավեր հիմք համարվել երկկողմ համագործակցության համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը «փոխել է հանգամանքները», և այժմ իրենք գործ ունեն նոր իրավիճակի հետ:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սեպտեմբերի վերջին վերականգնել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները՝ պատճառաբանելով, որ Իրանը չի կատարել իր միջուկային պարտավորությունները:
Արաղչին շեշտել է, որ պատժամիջոցների վերականգնումը ոչ մի արդարացում չուներ և կարող է էլ ավելի բարդացնել բանակցություններն ու խոչընդոտել դիվանագիտական ջանքերին:
«Նրանք այժմ դիմել են snapback մեխանիզմին (խմբ.՝ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ՝ ամրագրված ԳՀՀԾ-ում) և տեսել են արդյունքները. ոչինչ չի փոխվել, և խնդիրները մնում են չլուծված։ Ըստ էության, դա ավելի է բարդացրել դիվանագիտությունը։ Փորձը ցույց է տվել, որ Իրանի միջուկային խնդրի այլ լուծում չկա, բացի դիվանագիտական բանակցություններից», - ասել է Արաղչին։
Սեպտեմբերին Իրանը և ԱԷՄԳ-ն Կահիրեում փաստաթուղթ էին ստորագրել, որը պետք է հասցեագրեր անվտանգության հետ կապված Իրանի մտահոգությունները: Իրանն ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցրել էր հունիսին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո: