
Իրանի իշխանությունները հայտարարել են ապրիլի 17-ին կայացած Qassem Basir նոր պինդ վառելիքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն IRIB 2 պետական հեռուստաալիքին ասել է, որ բարելավված է հրթիռի մանևրելու ունակությունը, և «այն անխոցելի է THAAD-ի և Patriot-ի նման հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Իսրայելի ունեցած համակարգերի համար»:
Նասիրզադեն նաև զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանը «պատրաստ է հզոր պատասխան տալ», «եթե իր վրա հարձակվեն կամ պատերազմ պարտադրեն»։ Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ Թեհրանը «թշնամանք չի տածում հարևան երկրների նկատմամբ և ձգտում է եղբայրական հարաբերությունների նրանց հետ», սակայն պատերազմի դեպքում նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների «օրինական թիրախներ»։
Մեկնաբանելով Իսրայելի վրա վերջերս եմենցի հութիների հրթիռային հարձակումը՝ Նասիրզադեն ասել է, որ Եմենը «անկախ պետություն է և ինքնուրույն է որոշումներ կայացնում»։
Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն կարծիքին է, որ հութիների հարձակման հետևում կանգնած է Իրանը, և վստահեցրել է, որ իր երկիրը «հստակ ազդակներ» կփոխանցի Թեհրանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ մայիսի 4-ին NBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ամբողջությամբ դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Նա, սակայն, հավելել է, որ պատրաստ է լսելու առաջարկներ, որոնք Իսլամական Հանրապետությանը թույլ կտան շարունակել ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով: