Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջ...

Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. այս մասին ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

Նա ընդգծել է, որ Իրանը, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական կարևորությունը, միշտ ակտիվ դեր է ունեցել այս տարածաշրջանի զարգացումներում, սերտ կապի մեջ է եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

«Իրան-Հայաստան հարաբերությունները, կարճ, բայց ապահով ընդհանուր սահման ունենալու պատճառով, հիմնված են հինավուրց բարեկամության և համագործակցության վրա», - ընդգծել է նա:

Բաղաիի խոսքով՝ Իրանը, ողջունելով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ընդլայնումը տնտեսական զարգացման նպատակով, շեշտում է, որ այս գործողությունները չպետք է խախտեն միջազգային իրավունքը, միջազգային սահմանները, ազգային ինքնիշխանությունը կամ աշխարհաքաղաքական կառուցվածքները։

«Արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը այս ոլորտում, Իրանի տեսանկյունից, վնասակար է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և Իրանը իր ընդդիմությունն արդեն բացահայտ արտահայտել է», - եզրափակել է նա:

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: