Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ

Իրանը չի փոխել իր դիրքորոշումը Իսլամաբադում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իրանական  ISNA գործակալությունը։

Գործակալությունն ընդգծում է, որ մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր իրանական նախնական պատվիրակություն է մեկնել Իսլամաբադ, չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ այդ հաղորդումները հիմնված են եղել ամերիկյան և պակիստանյան աղբյուրների տրամադրած կեղծ տվյալների վրա։

Իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ճնշումների կամ սպառնալիքների ներքո բանակցություններ չի վարում։

ISNA գործակալությունն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից «սպառնալից հռետորաբանության» ուժգնացման, շարունակվող ծովային շրջափակման և առևտրային նավերի վրա հարձակումների պայմաններում անհնար է ակնկալել, որ Իրանը լրջորեն կվերաբերվի ամերիկյան դիվանագիտական նախաձեռնություններին։