Իրանը չի պատրաստվում բանակցել սպառնալիքների ն...

Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով նպատակ ունի հասնել Իրանի կապիտուլյացիայի, սակայն երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել սպառնալիքների պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Թրամփը, շրջափակում սկսելով և հրադադարը խախտելով, փորձում է այս բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցությունները սպառնալիքների ստվերի ներքո», - գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։

Խորհրդարանի խոսնակը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է, հավելել է, որ հրադադարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը «պատրաստվել է, որպեսզի նոր խաղաքարտեր ցույց տա մարտադաշտում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել էր ռմբակոծել Իրանի էլեկտրակայանները և կամուրջները, եթե համաձայնություն ձեռք չբերվի։

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ առայժմ որոշում չի կայացվել՝ արդյոք իրանական պատվիրակությունը կմեկնի Պակիստան։

Միևնույն ժամանակ, ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Պակիստանի իշխանությունները պատրաստվում են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների այցին Իսլամաբադ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի 8-ի գիշերը երկշաբաթյա հրադադար է հաստատվել։ Կողմերն ապրիլի 11-12-ին Իսլամաբադում բանակցություններ են անցկացրել, սակայն որևէ համաձայնության հասնել չի հաջողվել։ Հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։