Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։ Այս մասին India Today-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումներ և բանակցություններ չկան, ինչպես որ չեն եղել վերջին 25 օրվա ընթացքում՝ Իրանի դեմ նրանց անօրինական պատերազմի ծավալումից ի վեր», - ասել է Բաղային։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը «աղետալի» է եղել Իրանի համար։
«Ինն ամսվա ընթացքում մենք երկու անգամ հարձակման ենք ենթարկվել, երբ բանակցային գործընթացում էինք՝ լուծելու միջուկային խնդիրը։ Սա դավաճանություն էր դիվանագիտությանը»,- հավելել է Բաղային՝ ընդգծելով, որ ոչ ոք չի վստահում ԱՄՆ-ի դիվանագիտությանը։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իրանի զինված ուժերը կենտրոնացած են «այս դաժան և անօրինական պատերազմի դեմ» երկրի տարածքը և ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և երկու կողմն էլ ցանկանում են համաձայնագիր կնքել։ Իրանում հերքել էին դա։ Ամերիկյան ԶԼՄ-ներն էլ, վկայակոչելով աղբյուրների, գրել են, թե Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր:



