Իրանը բացառում է պատերազմ սկսելու հնարավորութ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման համատեքստում Իրանը բացառում է պատերազմ սկսելու հնարավորությունը։ Այս մասին Թեհրանում կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, հայտնում է Tasnim գործակալությունը։

«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- հայտարարել է նա:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության։
«Հետևելով գործընթացին` մենք տեսնում ենք, որ ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»,– վստահեցրել է նա:

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը սեպտեմբերի 11–ին հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և զրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղության և անվտանգության ապահովման համար:

«Հայաստանի պաշտոնատար անձինք մտահոգություն են հայտնել ռազմական բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք հասկացրել են մեզ, որ իրենք մտադրություն չունեն բախման մեջ մտնել Հայաստանի հետ»,– ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ Ադրբեջանի զորքերի վերջին կուտակումները բնութագրելով որպես «սովորական ռազմական գործողություններ» ձմռան նախաշեմին: