Իրանը թույլ չի տալիս ամերիկյան և իսրայելական նավերին անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանը միշտ ձգտել է ապահովել անվտանգություն տարածաշրջանում, բայց մենք ներկայում գտնվում ենք պատերազմական վիճակում։ Իրանի կանոնակարգերը գործում են պատերազմական ժամանակ, և մենք թույլ չենք տա մեր թշնամի երկրներից ռազմական կամ առևտրային նավերի անցումը», - ասել է նա։
Ղարիբաբադին նաև նշել է, որ այս պատերազմն Իրանի կողմից ընտրված ուղի չէ, իրենք պարզապես պաշտպանում են իրենց երկիրը։ Նա հավելել է, որ Իրանը պատերազմի մեջ է ոչ թե իր հարևանների, այլ նրանց հետ, ովքեր ագրեսիա են ցուցաբերում երկրի նկատմամբ։
Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պարզաբանել է, որ եթե Հորմուզի նեղուցում հայտնաբերվեն Միացյալ Նահանգներին, Իսրայելին, Եվրոպային կամ «նրանց կողմնակիցներին» պատկանող նավեր, դրանք «անպայման կոչնչացվեն»։
«Մենք նախկինում հայտարարել ենք, որ հիմնվելով միջազգային իրավունքի և բանաձևերի վրա՝ պատերազմի դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք կունենա վերահսկել Հորմուզի նեղուցով անցումը»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերել է CNN-ը։
Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։



