Իրանում սկսվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած...

Իրանի մայրաքաղաքում տեղի է ունենում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի մահացած ղեկավար Իսմայիլ Հանիեի հոգեհանգստի արարողությունը։ Հեռարձակումը Թեհրանի համալսարանից, որտեղ կազմակերպվել էր արարողությունը, իրականացնում է IRIB հեռուստաալիքը։

Արարողությունից առաջ առաջինը ելույթ է ունեցել Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով ներկաներին հիշեցրել է «Ճշմարիտ խոստում» գործողության մասին (ապրիլին իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Իսրայելի տարածքում): Նա վստահեցրել է, որ նույնիսկ հիմա «Իրանի պարտականությունն է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում արձագանքել»։

Հրաժեշտի արարողության հիմնական մասը սկսվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի աղոթքի ընթերցմամբ: Միջոցառման ողջ ընթացքում հնչել են «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» և «Սիոնիստների հանցագործությունների թիկունքում կանգնած է Միացյալ Նահանգները» կարգախոսները։

Հանիեի մահվան կապակցությամբ լայնածավալ երթեր են սպասվում նաեւ Թեհրանում։ Այդ կապակցությամբ Իրանի մայրաքաղաքում երթևեկության սահմանափակումներ են մտցվել: