
Իրանցի 22-ամյա Մահսա Ամինիի մահը, որը կալանավորվել էր բարքերի ոստիկանության կողմից, ցնցել է Իրանը։ Երկրով մեկ բողոքի հզոր ալիք է բարձրացել կոշտ կրոնական օրենքների եւ հոգեւորականության ճնշման դեմ։ Դժգոհության ալիքը բարձրացել է այն ժամանակ, երբ Իրանում քաղաքական անորոշության ժամանակաշրջան է՝ կապված հոգեւոր առաջնորդ, 83-ամյա Ալի Խամենեիի առողջական վիճակի եւ նրա հնարավոր հաջորդի մասին լուրերի քննարկումների հետ, գրել է «Կոմերսանտը»։
Մահսա Ամինին Թեհրան էր եկել անցած շաբաթ եւ կալանավորվել բարքերի ոստիկանության կողմից, երբ դուրս էր եկել մետրոյից իր եղբոր հետ։ Կալանավորման պատճառը ճիշտ չհագած հիջաբն էր, որը կրելն Իրանում պարտադիր է բոլոր կանանց համար 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո։
Իրանի անվտանգության ուժերը հրապարակել են հայտարարություն, որտեղ հավաստիացվել է, որ տիկին Ամինին կալանավորման կենտրոնում հանկարծ կորցրել է գիտակցությունը սրտի նոպայից, երբ նրան սովորեցնում էին հիջաբը ճիշտ կրելու կանոնները, նա հասցվել է հիվանդանոց, որտեղ ընկել է կոմայի մեջ։ Ուրբաթ օրը հայտնվել է պաշտոնական հաղորդում նրա մահվան մասին։ Իշխանամետ լրատվամիջոցների տարբերակով՝ աղջիկն էպիլեպսիա եւ այլ հիվանդություններ է ունեցել։ Բայց նրա հարազատները հերքում են այս տեղեկությունը։ Նրանք կարծում են, որ նրա մահը կալանավորման կենտրոնում ծեծի հետեւանքն է։
Աղջկա թաղումը վերածվել է բողոքի ցույցի նրա հայրենի Սեկկեզե քաղաքում, ինչպես նաեւ Իրանի Քրդստանի վարչական կենտրոն Սենենդեջում։ Իրանի իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկացմամբ՝ անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով տուժել է ավելի քան 30 մարդ։ Ցուցարարները պոկել են Ալի Խամենեիի նկարներով պաստառները եւ վանկարկել «Մահ բռնապետին» եւ «Դուք խայտառակ եք» կարգախոսներ։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հանձնարարել է շտապ կարգով Մահսա Ամինիի մահվան պաշտոնական հետաքննություն անցկացնել։ Բայց առայժմ կրքերը չեն հանդարտվում։ Մահսա Ամինիի պատմությունը համընկել է Իրանում քաղաքական անկայունության շրջանի հետ։
Վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում է 83-ամյա Ալի Խամենեիի առողջական վիճակի հարցը, որը գրեթե չի հայտնվում հանրությանը եւ սեպտեմբերի 6-ին բաց է թողել Փորձագետների ասամբլեայի նիստը, որը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ նրա պարտադիր մասնակցությամբ։ Ուրբաթ The New York Times ամերիկյան թերթը տեղեկացրել էր, որ գերագույն հոգեւոր առաջնորդը չեղարկել է բոլոր հանդիպումները վիրահատությունից եւ պահպանվող բարձ ջերմությունից հետո։ Դեռ յոթ տարի առաջ տեղեկացվել էր, որ Ալի Խամենեին տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ։ Այս ֆոնին ակտիվ քննարկվում է, թե ով է դառնալու նրա հաջորդը Իրանի գլխավոր հոգեւոր առաջնորդի պաշտոնում։ Խանենեին այն զբաղեցնում է 1989-ից։ Ամենից հաճախ հիշատակվում են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Իբրահիմ Ռայիսին եւ Խամենեիի որդին՝ 53-ամյա Մոջթաբը։ Ենթադրվում է, որ ապագա ղեկավարին կընտրի Փորձագետների ասամբլեան, բայց հստակ գործելակերպ չկա, հաշվի առնելով այն, որ ընտրությունը տեղի է ունեցել միայն մեկ անգամ 1989թ.։ Շաբաթ օրը Ալի Խամենեին, այնուամենանիվ, հայտնվել է հանրության առջեւ, Արբաին արարողության ժամանակ, բայց սա Իրանի ապագայի մասին հարցերը չի վերացրել։