Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի...

Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը և հայտարարել է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին: Այդ  մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով  Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) համատեղ հայտարարությունը։

Ըստ հայտարարության՝ Իրանը միշտ գործել է անվտանգության շուրջ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Թեհրանը բանաձևի ընդունումն անվանել է քաղաքական որոշում և քննադատել բանաձևն առաջարկած երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային՝ նշելով, որ նրանց գործողությունները խաթարում են ԱԷՄԳ-ի վստահելիությունը։

«Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Իրանի Իսլամական Հանրապետությունը այլ տարբերակ չի տեսնում, քան արձագանքել այս քաղաքական բանաձևին։ Հետևաբար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը կարգադրել է անվտանգ վայրում հարստացման նոր կենտրոնի ստեղծել։ Ֆորդոյի օբյեկտի առաջին սերնդի ավելի հին ցենտրիֆուգները կփոխարինվեն վեցերորդ սերնդի առաջատար IR-6 ցենտրիֆուգներով: Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ», - նշված է հայտարարության մեջ:

Իրանը նաև երախտագիտություն է հայտնել ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի անդամ այն երկրներին, որոնք ձեռնպահ են մնացել քվեարկությունից կամ իրենց ձայնը տվել են այդ բանաձևի ընդունման դեմ:     

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն: