Իրանն ու «եվրաեռյակը» համաձայնության չեն հասե...

Իրանը և «եվրաեռյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի արդյունքներով չեն կարողացել համաձայնության գալ Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։ 

Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական ​​աղբյուրին:

Նշվում է, որ Շվեյցարիայում բանակցություններն «ավարտվել են առանց վերջնական արդյունքի»: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ Իրանի դեմ 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում չեղարկված պատժամիջոցների վերսկսումը կանխելու հարցում։ 

Իրանի և «եվրաեռյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով հանդիպման ընթացքում  քննարկվել է «եվրաեռյակի» պահանջը, որի համաձայն՝ Իրանը պետք է վերականգնի ԱԷՄԳ տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական ​​բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հասնելու համար: Հակառակ դեպքում Թեհրանին սպառնում է պատժամիջոցների կրկնական սահմանում: 

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը մնում է դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից: Նա նշել է, որ ««եվրաեռյակի»  և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար եկել է ժամանակը կատարելու ճիշտ ընտրություն՝ դիվանագիտությանը տալով ժամանակ և տարածություն»։ 

ԱՄՆ-ն և «եվրաեռյակի» երկրներն ավելի վաղ համաձայնել էին օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային գործարքի կնքման վերջնաժամկետ։ Եթե բանակցություններն արդյունքներ չտան, «եվրաեռյակը» նախատեսում է գործի դնել snapback մեխանիզմը, որը կվերսկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Իրանի դեմ։ Թեհրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցների թվից՝  պատժամիջոցների վերսկսման դեպքում։