Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված չի իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարիդրացիական քաղաքականությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման բոլոր ոլորտներում։
Արաղչին Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ արկ չի արձակել՝ ասելով, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են անցկացնում այդ հարցի շուրջ։
Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։ Եվս 1 ԱԹՍ ընկել էր դպրոցի մերձակա տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհին։



