Իրանն ասել է, որ ոչ մեկից թույլտվություն չի խ...

Թեհրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի՝ օգտագործելու ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կոչը Իսլամական Հանրապետությանը՝ զերծ մնալ Իսրայելին պատասխան տալուց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է պաշտպանելու ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանային կայունությանը և զսպող մեխանիզմ ստեղծելու ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի դեմ տարածաշրջանում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր անօտարելի իրավունքներից օգտվելու համար»,- Քանանիի խոսքերը մեջբերել են  Իրանի ԱԳՆ պաշտոնական տելեգրամյան հարթակում։

Դիվանագետի խոսքով՝ եվրոպական եռյակը «լկտիաբար պահանջում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան և զսպիչ միջոցներ չձեռնարկի  մի ռեժիմի դեմ, որը խախտում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

«Եթե այս երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապա նրանք պետք է առանց որևէ վերապահումների ընդդիմանան Իսրայելի ռեժիմի սադրանքներին, հակամարտությունների հրահրմանը և անմիջապես դադարեցնեն պատերազմը Գազայի հատվածում,  վերջ դնեն կանանց, երեխաների և անպաշտպան պաղեստինցիների սարսափելի սպանություններին»,-ասել է Քանանին։