Իրանին Իսրայելի պատասխան հարվածի ծրագիրը պատր...

Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից զանգվածային հրթիռակոծմանը պատասխանելու Իսրայելի ծրագիրը պատրաստ է, CNN-ին ասել է հարցին ծանոթ աղբյուրը՝ չտրամադրելով լրացուցիչ տեղեկություններ:

Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելը կպատասխանի մինչև նոյեմբերի 5-ը, այսինքն՝ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների կայանալը:

Իրանի դեմ Իսրայելի պատասխան գործողությունների ժամանակացույցը և պարամետրերը բուռն քննարկումների առիթ են ոչ միայն Իսրայելի կառավարությունում, այլև ամբողջ աշխարհում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ասել է, որ պատրաստ է հարվածել Իրանին՝ թիրախավորելով ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտները, այլ ռազմական. այս մասին գրել էր The Washington Post-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ երկու պաշտոնյաների, որոնք ենթադրել են, որ Իսրայելի կողմից ավելի սահմանափակ հակահարվածն ուղղված է լայնամասշտաբ պատերազմը կանխելուն:

Իսրայելի հարվածն Իրանի նավթային օբյեկտներին կարող է բարձրացնել էներգակիրների գները, կարծում են վերլուծաբանները, մինչդեռ երկրի միջուկային հետազոտական ծրագրի վրա հարձակումը կարող է ջնջել Թեհրանի հետ Իսրայելի հակամարտությունը բռնկումից հետ պահող մնացած «կարմիր գծերը»՝ առաջացնելով հետագա էսկալացիա և վտանգելով ԱՄՆ-ի ավելի անմիջական ռազմական դերն այս հակամարտությունում: Ուստի, երբ Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստվում է միայն Իրանի ռազմական օբյեկտներին հարվածել, Վաշինգտոնը դա թեթևության զգացումով է ընդունել:

Իսրայելի վրա Իրանի վերջին հրթիռային հարձակումից երկու շաբաթ է անցել և Մերձավոր Արևելքը պատրաստվում է Իսրայելի խոստացված պատասխանին՝ վախենալով, որ երկու երկրների տասնամյակներ տևած ստվերային պատերազմը կարող է պայթել՝ վերածվելով լայնածավալ ռազմական առճակատման:

Նախկինում Բայդենը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի աջակցի Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն:

Սպիտակ տունը The Washington Post-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է.«Մենք լսում ենք Միացյալ Նահանգների կարծիքը, սակայն մեր վերջնական որոշումները կկայացնենք՝ ելնելով մեր ազգային շահերից»։