Իրանի զինված ուժերի պարեկային և հետախուզական անօդաչու թռչող սարքը հաջողությամբ ավարտել է իր առաքելությունը միջազգային ջրերում՝ ԱՄՆ-ի կողմից նման ԱԹՍ խոցելու մասին լուրերի ֆոնին։ Այս մասին տեղեկանում է Mehr լրատվական գործակալությունից։
Նշվում է, որ տվյալ հետախուզական ԱԹՍ-ների առաքելությունն է մշտադիտարկել Իսլամական Հանրապետության մերձակա շրջաններում բոլոր ռազմական տեղաշարժերը։ Ըստ Fars News գործակալության՝ անօդաչուն տվյալները ստանում և դրանք փոխանցում է իրական ժամանակի ռեժիմով։
Իր հերթին, տեղեկացված աղբյուրը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ կործանիչը թիրախավորել է «Աբրահամ Լինքոլն» ավիակրին մոտեցող ԱԹՍ-ն, Tasnim գործակալությանը հայտնել է, որ դա եղել է «Շահեդ-129» անօդաչու։
««Շահեդ-129» անօդաչու թռչող սարքը միջազգային ջրերում իրականացնում էր հետախուզության, մոնիթորինգի և պատկերագրման իր առօրյա և օրինական առաքելությունը։ Սա համարվում է ստանդարտ և օրինական ընթացակարգ», - հայտնել է աղբյուրը։
Նա հավելել է, որ ԱԹՍ-ն հաջողությամբ փոխանցել է իր հավաքած տվյալները հրամանատարական կենտրոնին, որից հետո ԱԹՍ-ի հետ կապը կորել է։
Չնայած իրանական կողմը հաղորդում է, որ խոցվել է «Շահեդ-129» ԱԹՍ, ավելի վաղ ԱՄՆ զինվորականները հայտնել էին, որ պաշտպանության նպատակով F-35 կործանիչի կողմից խոցվել է «Շահեդ-139» ԱԹՍ, որն «անհայտ մտադրությամբ» շարժվում էր դեպի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։



