Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հաս...

Իրանի Հորմոզգանի հարավային նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը

Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։

Ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին առայժմ դժվար է ստույգ դատել։ 

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի լցանավում։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբասի նավահանգստից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել անփութության թե միտումնավոր գործողությունների պատճառով։ 

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։