Իրանի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը քննարկե...

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրուցի ժամանակ հայտնել է, որ Թեհրանը ցանկանում է հարաբերություններ զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ՝ հիմնված բարեկամության, փոխվստահության եւ հարգանքի վրա, տեղեկացրել է Mehr-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է հարաբերություններ զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ՝ հիմնված բարեկամության, փոխվստահության եւ հարգանքի վրա»,- ԶԼՄ-ն մեջբերել է Իրանի նախագահի խոսքերը։

Նա նշել է տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանման եւ ամրապնդման անհրաժեշտությունը որպես Իրանի հիմնական ուղղություններից մեկը՝ ավելացնելով, որ Իսրայելը խախտում է բոլոր միջազգային պայմանագրերը եւ օրենքները՝ «շարունակելով հանցագործություններն ու ցեղասպանությունը Գազայում, կատարելով ահաբեկչություններ այլ երկրներում եւ խաղաղության սպառնալիքներ ստեղծելով տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»։

«Աշխարհի մարդիկ սպասում են, որ եվրոպական երկրները, հատկապես Գերմանիան, արդյունավետ դեր խաղան Գազայում սիոնիստական ցեղասպանության դադարեցման հարցում՝ դրան աջակցելու փոխարեն»,- ընդգծել է նա։

Փեզեշքիանը ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է հարաբերությունների ընդլայնումը բոլոր երկրների հետ եւ կարեւորում բանակցությունները խնդիրների լուծման հարցում։ Այնուամենայնիվ, Իրանը երբեք չի տրվի ճնշման, պատժամիջոցների, հարկադրանքի եւ ագրեսիայի, ընդգծել է նա։

Նա կրկին հայտնել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու ագրեսորներին միջազգային իրավունքի համապատասխան։

Գերմանիայի կանցլերն իր հերթին շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար եւ ընդգծել, որ իր երկիրը շահագրգռված է ընդլայնելու կապերն Իրանի հետ։

Շոլցը նշել է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը որպես Արեմտյան Ասիայում Գերմանիայի մոտեցման առաջնահերթություն, նա ընդգծել է Գազայում անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը։