Իրանի տեղեկատվության նախարարությունը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) հետախուզական ծառայությունները տեղեկացրել են, որ բացահայտել են ամերիկամետ խմբավորում, որը նախատեսում էր անկարգություններ կազմակերպել իսլամական հանրապետության տարածքում։ Այս մասին նշվել է հետախուզական գերատեսչությունների համատեղ հայտարարությունում։
«Այդ ցանցի անդամները ԱՄՆ պետդեպարտամենտի, Freedom House կազմակերպության եւ մի շարք այլ տարրերի ֆինանսական աջակցությամբ զբաղվել են ակտիվիստուհիների պատրաստմամբ ինչպես Իրանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,- փաստաթղթի տեքստը մեջբերել է ISNA գործակալությունը։- Նրանք նախատեսում էին անգլիական Արեւելագիտության դպրոցում իրականացնել երկու միջոցառում շահրիվարի 16-ին եւ 23-ին (իրանական օրացույցում համապատասխանում է սեպտեմբերի 7-ին եւ 14-ին), որոնք պետք է իրականացվեին վիրտուալ ձեւաչափով։ Այդ միջոցառումների նպատակն էր անկարգությունների կազմակերպումն Իրանի տարածքում եւ լարվածության մթնոլորտի ստեղծումը երկրի ներսում»։
Խմբավորման անդամների թվի եւ կազմի մասին տեղեկություն չի ներկայացվում։