Իրանի հարվածներից վնասվել են Մերձավոր Արևելքո...

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն յոթ ռազմական օբյեկտի կառույցներ ու սարքավորումներ են վնասվել Իրանի հարվածներից։ Այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին ու տեսագրություններին։

Ըստ հրապարակման՝ հանգստյան օրերին և երկուշաբթի օրը (փետրվարի 28-ից մարտի 2-ը) իրանական հարվածներից վնասվել են այն կառույցները, որոնք Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի առնվազն յոթ օբյեկտի կապի համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանքների մաս են կամ գտնվում են դրանց մերձակայքում։

NYT-ն ընդունում է, որ տեղեկատվության գաղտնի բնույթի պատճառով դժվար է որոշել, թե հատկապես որ ամերիկյան համակարգերը կարող էին տուժել։ Սակայն, ըստ հրատարակության, թիրախների բնույթը ցույց է տալիս, որ Իրանը ձգտել է խաթարել ԱՄՆ-ի զինված ուժերի կապի և համակարգման հնարավորությունները։

Թերթը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, զգալիորեն վնասվել է նաև Սաուդյան Արաբիայում «Արքայազն Սուլթան» ավիաբազան, որը դարձել է Իրանի հրթիռային և դրոնային հարվածների թիրախը։

ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները ԱՄԷ-ում նույնպես վնասվել են։ ԱՄԷ-ի Ար Ռուվայս քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմական օբյեկտի՝ մարտի 1-ին արված լուսանկարները ցույց են տալիս, որ մի քանի կառույց վնասվել է։

CNN-ն իր հերթին հաղորդում է, որ իրանական հարվածներից մերձավոր Արևելքում վնասվել է ամերիկյան 9 ռազմական օբյեկտ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։