Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։
«Երևանում ես բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,- ասվում է Աբրամ Փեյլի «X»-ի էջում արված գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ էլ Իրանի հարցով հատուկ հանձնակատարը տեղեկացրել է, որ ուղևորությունը դեպի Հարավային Կովկաս անցել է կառուցողական մթնոլորտում.
«Ես հանդիպեցի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի հետ՝ քննարկելու իրանական ռեժիմի հարցը, պատժամիջոցների կիրառումը և ռեժիմի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։
Հատկանշական է, որ Փեյլին Ադրբեջանում հանդիպում է ունեցել Հիքմետ Հաջիևի, փախարտգործնախարար Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ։
Նշենք, որ Աբրամ Փեյլին Վրաստանում հանդիպում է ունեցել փոխարտգործնախարարի, Կենտրոնական բանկի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։



