Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» ստորաբաժանման մեկ սպա է սպանվել, ևս երեք սպա վիրավորվել է հանրապետության հարավում անհայտ գրոհայինների հարձակման հետևանքով: Այս մասին հայտարարել է Ֆարս նահանգի քաղաքական հարցերով փոխնահանգապետ Էսմայիլ Կազալ Սոֆլին։
«Երկու անհայտ անձ անկանոն կրակ են բացել Նուրաբադ Մամասանի քաղաքի անվտանգությունը պաշտպանող Բասիջի ուժերի աշխատակիցների ուղղությամբ։ Արդյունքում զոհվել է մեկ սպա, ևս երեքը վիրավորվել են»,- Կազալ Սոֆլիի խոսքն է մեջբերում ԻՐՆԱ գործակալությունը։
Նա նշել է, որ անհայտ անձինք կրակ են բացել սպաների վրա՝ նրանց կողքով մոտոցիկլետով անցնելիս և անմիջապես անհետացել դեպքի վայրից։ Ըստ Սոֆլիի, նահանգի հետախուզական, անվտանգության և իրավապահ մարմինները որոնում են հարձակվողներին։