Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայել...

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը կշարունակվի, և դրա նպատակն է վերացնել Իսրայելի գոյությանն առկա սպառնալիքները։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը զրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի հետ... Նախարար Սաարը բացատրել է, որ գործողությունը կշարունակվի, և դրա նպատակն է վերացնել Իսրայելի գոյությանն առկա սպառնալիքները», - ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։