Իրանի դատարանը ուժայինների կողմից սպանված Մահ...

Իրանում դատարանը մահացած Մահսա Ամինիի հորեղբորը՝ Սաֆա Աաելիին դատապարտել է հինգ տարի, չորս ամիս 17 օր ազատազրկման։ Նրան մեղադրել են ցույցերին մասնակցելու, այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու և հակակառավարական քարոզչության մեջ։ Այս մասին հայտնում է Hengaw իրավապաշտպան կազմակերպությունը։

Դատարանը նաև որոշել է, որ Սաֆա Աաելիից պահանջվելու է կենսագրական հոդված գրել անվտանգության աշխատակցի մասին, որը մահացել է Ամինիի աջակցության «Կանայք, կյանք, ազատություն» ցույցերի ժամանակ և այն բաժանել այլ բանտարկյալների։

Բացի այդ, նրան երկու տարով արգելել են քննադատել Իրանի իշխանություններին և լքել երկիրը։ Դատարանի որոշմամբ Աաելին կարող է պատիժը կրել ընդմիջումներով։ Այնուամենայնիվ, քանի դեռ նա ազատ է, նրանից կպահանջվի մասնակցել կրթական, էթիկական և կրոնական դասընթացների:

Աաելին ձերբակալել էին անցյալ տարվա սեպտեմբերին իր սեփական տանը, երբ նրա ընտանիքը նշում էր Մահսա Ամինիի մահվան տարելիցը։

Մահսա Ամինին ոստիկանությունը ձերբակալել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ ոչ պատշաճ հիջաբ կրելու մեղադրանքով։ Աղջկան ոստիկանական բաժանմունքից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց մահացել է։ Ամինիի հարազատները կարծում են, որ նրա մահվան պատճառը ուժայինների կողմից ծեծն է եղել։ Նրա մահից հետո Իրանում բողոքի ցույցեր սկսվեցին «Կանայք, կյանք, ազատություն» կարգախոսով։

Բողոքի ցույցերից հետո Իրանի իշխանությունները սկսել են կոշտ ճնշումներ ցուցարարների նկատմամբ և հասարակական վայրերում տեղադրել տեսախցիկներ՝ կանխելու «հիջաբի օրենքին դիմադրությունը»։ Իրավապաշտպանների տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 600 ցուցարար, մոտ 20 հազար մարդ բերման է ենթարկվել։