Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է...

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Tasnim-ը։

«Իրանի արտգործնախարարն, ընդգծելով այդ երկրի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական քաղաքականությունը, հայտարարել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում։

Արաղչին, հիշատակելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունները, հերքել է, որ Իրանը որևէ արկ է արձակել այդ հանրապետության ուղղությամբ և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անցկացնում են անհրաժեշտ ստուգումներ և հետաքննություններ այդ հարցի վերաբերյալ։

Արաղչին հատուկ շեշտել է Իսրայելի ռեժիմի դերը նման հարձակումներում, որոնք նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը և խաթարել Իրանի լավ հարաբերությունները հարևանների հետ, հավելելով, որ վերջին օրերին նմանատիպ այլ միջադեպեր են նկատվել։

Իրանի արտգործնախարարն ափսոսանք է հայտնել այս միջադեպի ժամանակ մի քանի Ադրբեջանի քաղաքացիների վիրավորվելու կապակցությամբ և մաղթել նրանց արագ ապաքինում»,- հաղորդել է իրանական լրատվամիջոցը։