Իրանն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցության «դառը փորձ» ունի, սակայն ԱՄՆ նախագահական ընտրությունները սխալ մոտեցումները վերաիմաստավորելու և վերանայելու հնարավորություն են, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Այսպես է նա մեկնաբանել նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, գրում է IRNA-ն։
«Միացյալ Նահանգների նախագահի ընտրության պատասխանատվությունը ժողովրդի վրա է: Այժմ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը: Այս ընտրությունները հնարավորություն են վերանայելու և վերաիմաստավորելու նախկինում կիրառված սխալ մոտեցումները», - ասել է նա:
Նախօրեին Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել էր, որ Թեհրանին չի հետաքրքրում, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։ Նրա խոսքով՝ Իրանում փոփոխություններ չեն կանխատեսվում ամերիկյան վարչակազմի փոփոխության արդյունքում։
Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում (2017–2021) Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից։ Ավելի ուշ նա դա որակել էր կարևոր որոշում: 2024 թվականին, նախագահի թեկնածու եղած ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ Իրանը մահափորձ է նախապատրաստում իր դեմ։ Իրանի իշխանությունները հերքել են բոլոր մեղադրանքները։