Իրանցի պատգամավորն ակնարկել է նախկին նախագահ...

Իրանի խորհրդարանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմն Ադրբեջանն անվանում է երկրորդ Իսրայել», հաղորդում է Khabar Online-ը։

Նա հիշեցրել է, որ տարբեր հաղորդումներ են հրապարակվել Իրանում տեղի ունեցած սպանություններում Ադրբեջանում «Մոսադի» բազայի դերի մասին։

Ղազանֆարին հայտարարել է. «Քանի որ սիոնիստական ռեժիմն ու Ադրբեջանը համագործակցել են Իրանի դեմ ռազմական հարձակման գործում, մենք կվերանայենք երկու ռեժիմների հարաբերությունները»։

«Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի հարաբերությունները սկսվել են 1993 թվականին։ Այդ ժամանակվանից Բաքվում սկսվել է հակաիրանական և հակաշիական արշավ, բազմաթիվ շիաներ և նրանց առաջնորդներ ձերբակալվել և բանտարկվել են, իսկ ոմանք նահատակվել են, և այդ բռնաճնշումները շարունակվում են մինչև օրս։

Նեթանյահուն և Իսրայելի մյուս վարչապետները բազմիցս այցելել են Բաքու, հանդիպել և բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բաքվի ռեժիմը սերտ ռազմական կապեր է պահպանել սիոնիստական ռեժիմի հետ, և վերջին երկու տասնամյակների ընթացքում իսրայելցի հրամանատարները պատասխանատու են եղել ադրբեջանցի զինվորների պատրաստության համար, իսկ Իսրայելը զենք է մատակարարել ադրբեջանական զինված ուժերին։

Ադրբեջանական և իսրայելական բանակները տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Բաքուն, Թել Ավիվը և Վաշինգտոնը սերտ կապեր են պահպանում հետախուզության և անվտանգության ոլորտում, իսկ «Մոսադի» և ԿՀՎ-ի հետախուզության աշխատակիցները տեղակայված են Ադրբեջանի անվտանգության ծառայության շենքի նույն հարկում։ Իրանի հետ Ադրբեջանի սահմանին «Մոսադի» վերահսկողության տակ լրտեսական բազաների, ռադարների, գաղտնալսման և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների տեղակայումը Բաքվի ռեժիմի և Իսրայելի համատեղ համագործակցության ուղղություններից մեկն է։

Տասներեք տարի առաջ սիոնիստական ռեժիմը հայտարարել էր, որ Ադրբեջանում չորս օդանավակայան ունի՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար։ Անցյալ տարի սիոնիստների պաշտպանության նախարարն Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը ոչ միայն մեր ռազմավարական գործընկերն է, այլև Իսրայելի արժեքավոր ձեռքբերումը»,- նշել է իրանցի պատգամավորը։

Խոսելով Իրանի նախկին նախագահ Ռաիսիի մահվան գործում Իսրայելի և Բաքվի դերի մասին՝ Ղազանֆարին հայտարարել է. «Այդ ժամանակահատվածում ամերիկացի պաշտոնյան մասնավոր հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելն իրանցի կարևոր գործչի սպանություն է ծրագրում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, որ Ռաիսին անձամբ ներկա գտնվի սահմանին գտնվող Ղըզ-Քալա-Սը ամբարտակի բացմանը, մինչդեռ ավելի վաղ այդ արարողությունը պետք է տեղի ունենար երկու երկրների նախարարների, այլ ոչ թե երկու պետությունների ղեկավարների մակարդակով։

Իլհամ Ալիևը Ռաիսիի մահվանից մի քանի օր առաջ հանդիպել էր իսրայելցի ռաբբիի հետ։ Ռաիսիի ուղղաթիռի ոչնչացումից անմիջապես հետո,  Պենտագոնի հետախուզության զեկույցում նշվել է, որ նախագահի ուղղաթիռի ոչնչացումը Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի կառավարության համատեղ պլանավորման և համագործակցության արդյունք էր։

Որոշ ժամանակ անց Նեթանյահուի կառավարության անդամ Բեն-Գվիրը նույնպես խոստովանել է. «Սպանելով Իրանի նախագահին՝ մենք վերացրինք դիմադրության առանցքի ամենամոլի կողմնակցին»։ Այսինքն, նա խոստովանում է, որ Ռաիսիի մահը սիոնիստական ռեժիմի ձեռքի գործն էր»։