Իրանցի հաքերները տեղեկություն են գողացել Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի աշխատակիցներից եւ ուղարկել այն Ջո Բայդենի շտաբի աշխատակիցներին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել են ՀԴԲ-ն եւ ԱՄՆ հետախուզական ծառայությունները, փոխանցել է BBC-ն։
«[Հաքերները] սեփական նախաձեռնությամբ իմեյլներ են ուղարկել այն ժամանակ Բայդենի ընտրական շտաբի հետ կապված անձանց, որոնք պարունակել են քաղվածք հանրության համար նախատեսված նյութից նախկին նախագահ Թրամփի շտաբից»,- նշվել է ՀԴԲ, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի եւ կիբեռանվտանգության եւ անվտանգության վարչության համատեղ հայտարարությունում։
Հատուկ ծառայությունների ունեցած տվյալներով՝ Բայդենի շտաբի ոչ մի աշխատակից չի պատասպանել այդ նամակներին։
Այդ ամենը տեղի է ունեցել հունիսին եւ հուլիսին, մինչ Բայդենը կհաներ իր թեկնածությունը։
Հայտարարությունում նաեւ նշվել է, որ սկսած հունիսից՝ իրանցիները Թրամփի շտաբից գողացված տեղեկություն են ուղարկել ամերիկյան մամուլին։
ԱՄՆ պաշտոնատար անձինք դեռ օգոստոսին հայտնել էին, որ Իրանը նոյեմբերյան ընտրություններից առաջ փորձում է ուժեղացնել պառակտումն ԱՄՆ-ում եւ խափանել քաղաքացիների հավատը պետության ինստիտուտների հանդեպ։ Նրանք փորձել են ուղիղ հասանելիություն ստանալ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների շտաբներում՝ կիրառելով «սոցիալական ինժինիրինգի» մեթոդներ։
Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը Բի-բի-սիին ասել է, որ սա չի ապացուցում, որ Իրանը ցանկանում է օգնել Քամալա Հարիսին եւ Ջո Բայդենին։
«Որովհետեւ նրանք գիտեն, որ նախագահ Թրամփը կվերադարձնի կոշտ պատժամիջոցները եւ կդիմակայի նրանց ահաբեկչությանը»,- ասել է Լիվիթը։
Դոնալդ Թրամփը 2018թ. նախագահ եղած ժամանակ ԱՄՆ-ը դուրս բերեց երեք տարի առաջ կնքված այսպես կոչված «միջուկային գործարքից» Թեհրանի հետ եւ վերականգնեց ամերիկյան պատժամիջոցներն Իրանի դեմ։
Լիվիթը կարծում է, որ Բայդենը եւ Հարիսը պետք է ընդհանուր գծերով նկարագրեն, թե ինչ նյութ է ուղարկվել իրենց աշխատակիցներին։



