Իրանական պատվիրակությունը չի մեկնել Պակիստան

Իրանական պատվիրակությունից դեռևս ոչ ոք չի ժամանել և նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է IRIB-ը՝ իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։

«Շաբաթ օրվանից սկսած՝ միջազգային ԶԼՄ-ների (այդ թվում՝ ամերիկյան) և տարածաշրջանային ռեսուրսների կողմից բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվել Պակիստան իրանական պատվիրակության «մեկնման» կամ «ժամանման» մասին, կամ նույնիսկ հայտարարություններ են արվել հանդիպման ժամերի վերաբերյալ («երկուշաբթի կեսօրին» կամ «երեքշաբթի առավոտյան»), որոնցից և ոչ մեկը չի համապատասխանել իրականությանը»,- գրված է հեռուստառադիոընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իրանի պատվիրակության Պակիստան մեկնելու որոշումը կախված է ամերիկացիների վարքագծից:

«Կիրակի երեկոյից սկսած՝ իրանցի պաշտոնյաները հետևողականորեն հայտարարում են. «Մենք չենք ընդունում բանակցություններ սպառնալիքի և վստահության չարաշահման պայմաններում» և «բանակցություններում ներկայության շարունակումը կախված է ամերիկացիների վարքագծի և դիրքորոշումների փոփոխությունից»,- հայտնում են հեռուստառադիոընկերությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 22-ի առավոտյան։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Аl-Нadath հեռուստաալիքի աղբյուրի վարկածով՝ ամերիկյան և իրանական պատվիրակությունները Իսլամաբադ պետք է ժամանեին միաժամանակ՝ երեքշաբթի օրը, բանակցություններին մասնակցելու համար։