
Այս օրենսդրական նախագիծը «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով. երբ խոսքը մանիպուլյացիայի, տարբեր իրարամերժ հայտարարությունների և գործողությունների մասին է, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները և այսօրվա իշխանություններն են բերել այս վիճակը։ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ներկայացվող նախագծով մենք ներկայացնում ենք հիմնականում անվտանգության, կանխարգելման և նաև Հայոց ցեղասպանությունը որպես առանձնահատուկ ցեղասպանություն, որի ժամանակ իրականացվել է բոլոր ձևերի հանցագործությունների, ոճրագործությունների հաջորդականություն։
Եվ այսօր ձեր իշխանության պատճառով վտանգի տակ կանգնած ապագայից ելնելով ենք մենք ներկայացրել այս ամենը, որովհետև իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից, և այսօր և Թուրքիան, և թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, հանցագործի վիճակում, Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Այդ շարունակական պատժամիջոցները, շարունակական ճնշումները, պարտադրանքներն են, որ կասկածի տակ է դնում մեր հայրենիքի ապագան։
Ընդ որում ձեր իշխանության ժամանակ ազգային անվտանգության ռազմավարության մեջ 4.25 կետում գրված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար, և դուք է, որ այդ ամենը չեք իրականացրել։
Հետևաբար, երբ մենք խոսում ենք այս նախագծի մասին, այս նախագծի, այս փոփոխությունների նպատակը մենք պետք է քննարկենք անվտանգության տեսանկյունից, որը որ հավելյալ արժեքներ է ստեղծում, որովհետև իրական հավանականությունը շատ մեծ է և կարող են հեշտությամբ կատարվել հանցագործություններ և նաև արդարացվել։ Պետք է իսկապես պատժելի դարձնել և խիստ պատժելի դարձնել դրանք, որն էլ մենք առաջաևրկել ենք»,–ասաց Օհանյանը։