
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ծագմանը՝ շեշտելով, որ դրա իրական հեղինակները հենց ժողովուրդն է, հատկապես կանայք՝ ընտանիքների մայրիկներն ու մեծ մամաները:
«2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենահիշարժան փաստն այն էր, որ մեր հավաքների առաջին շարքերում կանայք էին կանգնած՝ մայրիկներ, միջինից բարձր տարիքի կանայք և ընտանիքների մեծ մամաներ, ովքեր սովորաբար նման միջոցառումների չեն մասնակցում»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը կանայք են:
«Այո, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մեծ մայրիկներն են։ Նրանք են, ովքեր գերդաստաններում ճաշն են եփում, բոլորին կերակրում և պահպանում են ընտանեկան միասնությունը։ Մենք պարզապես լսել ենք նրանց և այդ մտքերը վերաձևակերպել քաղաքական ծրագրի»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ այդ սերնդի կանայք լսված են դառնում և ուղղակիորեն ազդում են երկրի քաղաքական օրակարգի վրա։