Ինտրիգային իրավիճակ՝ Լավրով-Չավուշօղլու հանդի...

Այսօր Անթալիայում կկայանա Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Օրակարգում, ըստ ռուսական կողմի պաշտոնական հայտարարության, միջազգային եւ ռեգիոնալ կարեւոր հարցերն են, ներառյալ նաեւ՝ իրադրությունը Հարավային Կովկասում, այսինքն թե՝ Լեռնային Ղարաբաղում։

Դատելով նախքան հանդիպումը համացանցում հայտնված տեղեկություններից, բավական ակտիվ «քաղաքական առեւտուր» է կայանալու Լավրովի եւ Չավուշօղլուի միջեւ։

Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ Անկարան դեմ չէ իր ռազմական խորհրդատուներին ուղարկել Ուկրաինա այդ երկրի զինված ուժերին ուսուցանելու եւ ուկրաինական ռազմական փորձը ուսումնասիրելու համար, եւ ապա՝ այսօր արդեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակից Իվան Ժդանովը հայտարարել է, որ Թուրքիան Մոսկվային է փոխանցել իր տեղաշարժի մասին տեղեկություններ՝ բավարարելով Մոսկվայի խնդրանքը։

Այս ամենն իհարկե շատ հետաքրքիր է, ու դեռ հարց է, թե ինչպես է քննարկվելու Ղարաբաղյան հարցը, քանի որ Ուկրաինան եւ Նավալնին Մոսկվայի համար կարծես թե «կարմիր գծեր» են, իսկ ահա Ղարաբաղը՝ ոչ։

Ի դեպ, Ադրբեջանում արդեն փորձագիտական մակարդակում խոսում են այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել ԼՂ պատկանելիությունն Ադրբեջանին։