Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործեն նախկին կադաստրային արժեքները:
Այս մասին ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: «Դրա հետ կապված առաջացել է խնդիր: Կային քաղաքացիներ, որոնք հողամասեր էին ձեռք բերել՝ հետագա վճարման պայմանով: Եվ, երբ որ գործընթացը վերջնականապես ավարտեին, իրենք պետք է այդ պահին գործող կադաստրային արժեքով վճարում անեին: Կային մարդիկ, որոնք այդ վճարը չեն կարողացել կատարել և նախատեսել են վճարել, օրինակ, այս տարի: Եվ որպեսզի նրանք լրացուցիչ ֆինանսական բեռ չունենան, մենք իրենց հնարավորություն ենք տալիս. եթե 2021-ի ընթացքում իրենք հետագա վճարման պայմանով ձեռք բերված գույքի, հողակտորների համար վճարում կկատարեն, իրենց համար կգործեն նախկին կադաստրային արժեքները»,- ասաց Թունյանը:
Այս նախագծով ևս երկու փոփոխություն է կատարվել: Նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: «Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից»,-ասաց Թունյանը: