Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը։
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հայկ Կոնջորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ պաշտոնավարում՝ ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների և կապերի հետագա զարգացման տեսանկյունից:
Դեսպան Տ. Արմսթրոնգ Չանգսանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամական խմբերի գործունեության կարևոր դերը երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում:
Հայկ Կոնջորյանն իր հերթին արժևորել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը կապերի խորացման գործում՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական, ավանդական բարեկամական հարաբերություններ։
Ծովինար Վարդանյանը նշել է, որ կողմերն ունեն ակտիվ համագործակցության օրակարգ: Երկկողմ հաղորդակցության ակտիվացման և հանրային շփումների ընդլայնման նպատակով նա կարևորել է ուղիղ չվերթների գործարկումը:
Ընդգծվել է հայկական կողմի շահագրգռվածությունը տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության, պաշտպանության, ՏՏ ոլորտներում համագործակցության զարգացման հարցում:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է փոխադարձ այցերի օրակարգը:



