Financial Times-ը վերլուծել է տնտեսության հիմնական ինդիկատորները, հարցումներ անցկացրել փորձագետների շրջանում եւ եկել այն եզրակացության, որ համաշխարհային ինֆլյացիան, ներկա պահին, ամենայն հավանականությամբ գագաթնակետում է գտնվում եւ հետագայում կսկսի դանդաղել։
Թերթի տվյալներով՝ Գերմանիայում հոկտեմբերին արտադրողների մեծածախ գները սեպտեմբերի համեմատ 4,2 տոկոսով նվազել են։
Հրատարակությունը նշում է, որ անկումը ռեկորդային է դարձել 1948 թվականից հետո։ Ամռանը ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում 2021 թվականի համեմատ արտադրողների մեծածախ գները նվազել են։
Նշվում է, որ Մեծ քսանյակի գրեթե բոլոր երկրներում 2022 թվականի հոկտեմբերին արտադրողների մեծածախ գների ցուցանիշները սեպտեմբերի համեմատ նվազել են, այդ թվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան եւ Մեքսիկան։
«Կարծես, թե ինֆլյացիան հասել է իր ամենաբարձր կետին: Գնային ճնշման թուլացումը եւ մատակարարումների հետ կապված իրավիճակի բարելավումը հանգեցնում են սպառողական գների ավելի չափավոր դինամիկայի», - FT-ն մեջբերում է Moody's Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդիին: