Համաշխարհային բանկի հետ քննարկվել են Հայաստան...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված երկարամյա համագործակցության կարևորությունն ու առանցքային դերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված իրականացվող աշխատանքները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության ազդեցությունը երկրի տնտեսական մրցունակության վրա։

Առանձնահատուկ կարևորվել է հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացման, հարկային կարգապահության խթանման, ինչպես նաև արդար, արդյունավետ և ժամանակակից հարկային համակարգի ձևավորման ու զարգացման նշանակությունը՝ ՀՀ տնտեսության մրցունակության ամրապնդման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև մաքսային վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ մաքսային միասնական հաշվի ներդրման գործընթացին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող թվայնացման ծրագրերին։ Կարևորվել են նաև արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնման և դրանց ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և դրա շրջանակում ակտիվ փոխգործակցությունն ապահովելու իրենց պատրաստակամությունը։