Ինդոնեզիայում հրաբխի ժայթքումը 10 մարդու կյան...

Ինդոնեզիայում նոյեմբերի 4-ի գիշերը ժայթքել է Լևոտոբի Լակի Լակի հրաբուխը, ինչի հետևանքով զոհվել է տասը մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հրաբխը գտնվում է Ֆլորես կղզում, ժայթքումը ուղեկցվել է 2 կմ բարձրությամբ մոխրի սյան արտանետմամբ։ Մի քանի հրդեհներ են տեղի ունեցել մոտակա բնակավայրերում։ Առնվազն հինգ գյուղ տարհանվել է, իսկ հրաբխի մոտ գտնվող տները ծածկված են մոխրի հաստ շերտով, հայտնում է գործակալությունը։

Ինդոնեզիայի աղետների գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուխարին հայտնել է, որ ժայթքումից տուժել է 10,295 մարդ։ Տարհանվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Գործակալությունը հայտարարել է երկրում տագնապի ամենաբարձր մակարդակը և կոչ արել մարդկանց մնալ հրաբխի խառնարանից առնվազն 7 կմ հեռավորության վրա: Երկրի հրաբխաբանական գործակալությունը նախազգուշացրել է լավայի հեղեղումների հնարավորության մասին և տեղի բնակիչներին խորհուրդ է տվել դիմակներ կրել՝ մոխիրից պաշտպանվելու համար։