Ինդոնեզիան պատրաստ է անմարդաբնակ կղզիներից մե...

Ինդոնեզիան պատրաստակամություն է հայտնել անմարդաբնակ կղզիներից մեկում ընդունել շրջափակման մեջ գտնվող Գազայի հատվածից շուրջ 2,000 վիրավոր պաղեստինցու՝ նրանց բուժումն ապահովելու համար. այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, ասել է  Ինդոնեզիայի նախագահի մամուլի խոսնակը։

«Ինդոնեզիան բժշկական օգնություն կցուցաբերի Գազայի մոտ 2,000 բնակիչների, ովքեր վնասվածքներ են ստացել պատերազմի ժամանակ», - Ջակարտայում լրագրողներին ասել է խոսնակ Հասան Նասբին։

Նրա խոսքով՝ Ինդոնեզիան նախատեսում է Սումատրայից ոչ հեռու՝ Գալանգ կղզում գտնվող հաստատություն տեղափոխել վիրավոր Գազայի բնակիչներին՝ նրանց բուժելու և նրանց ընտանիքներին ժամանակավորապես ապաստան տալու համար։

Հիվանդները կվերադառնան Գազա ապաքինվելուց հետո, հավելել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու ծրագրի ժամկետների կամ նրանց վերադարձի երաշխավորման վերաբերյալ։

Այս հայտարարությունը հաջորդում է Axios-ի հուլիսյան հաղորդագրությանն այն մասին, որ Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության տնօրենն այցելել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի օգնությունը խնդրելու համար՝ համոզելու մի քանի երկրների, այդ թվում՝ Ինդոնեզիային, Լիբիային և Եթովպիային, ընդունել Գազայից հարյուր հազարավոր պաղեստինցիների։

Ինդոնեզիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա, այն բանից հետո, երբ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերին սկսել է ռազմական գործողություններ, որոնց հետևանքով, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 60,000 պաղեստինցի։