2021թ․ հոկտեմբերի 1-ին Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) մոտ 5,5 միլիարդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Այս մասին գրել էր «Հետք» պարբերականը։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ պետական գնումների armeps.am համակարգում հրապարակված պայմանագրի համաձայն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց Պաշտպանության նախարարությանը մատակարարել 4000 տոննա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք:
ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։
«Հետք» պարբերականի այս հրապարակումը լայն քննարկումների առիթ հանդիսացավ։ Ընդդիմադիր որոշ գործիչներ պնդում էին, որ տեղի ունեցածը կոռուպցիոն վտանգներ է իր մեջ պարունակում։
Politik.am-ը փորձեց հասկանալ, թե նշված մրցույթի ընթացքում ինչ գնային առաջարկներ են եղել, որի վրա հենվելով համապատասխան հանձնաժողովը որոշում է կայացրել ի օգուտ «Մեգա Թրեյդ» ընկերության։
Բաց աղբյուրներում առկա փաստաթղթերից հասկանալի է դառնում, որ «Մեգա Թրեյդ» ընկերությունը առաջարկել է ամենացածր գինը մրցույթին մասնակցած բոլոր ընկերությունների համեմատ։ 4000 տոննա ռեգուլյար տեսակի բենզինը «Մեգա Թրեյդ» ընկերությունը առաջարկել է 1, 983, 332, 500 դրամով, որը 13 մլն դրամով պակաս է հաջորդ ամենաժան առաջարկն անող «Կար Պետրոլ» ընկերության առաջարկից։
Դիզելային վառելիքի մրցույթի դեպքում «Մեգա Թրեյդ» ընկերությունը 6042 տոննա դիզվառելիքը առաջարկել է 2, 558, 122, 900 դրամով, որը 16 մլն դրամով պակաս է հաջորդ ամենացածր առաջարկն անող «Ֆլեշ» ընկերության առաջարկից։
Այսպիսով կարելի է արձանագրել, որ մրցույթն անցկացնող ընկերությունը չէր կարող այլ որոշում կայացնել, քանի որ պահանջվող բենզինի և դիզվառելիքի համար «Մեգա Թրեյդ» ընկերությունը ամենաէժան առաջարկն է արել։




