Ինչու՞ է լռում Վանեցյանը․ ընդդիմադիր դաշտում...

Արցախի դեմ վերջին ահաբեկչական գործողություններին զուգահեռ Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի էին ունենում բողոքի զանգվածային գործողություններ։ Հանրահավաքներն ի սկզբանե ինքնաբուխ էին, բայց հետագայում ընդդիմադիր հիմնական խաղացողները փորձեցին համակարգել գործընթացը։ Բողոքի ալիքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մարեց ու բնական է, որ ակտիվացան մեղադրանքները ընդդիմադիր առաջնորդների հասցեին։

Քաղաքացիների մեղադրանքն իհարկե հասկանալի է ու ընդունելի, քանի որ նրանք ընդդիմադիր առաջնորդներից սպասելիքներ ունեն, բայց անհասկանալի է, այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մեղադրանքներն ընդդիմադիր առաջնորդների հասցեին, այն դեպքում, երբ իրենց կուսակցական առաջնորդները ընդհանրապես չեն երևացել այս ընթացքում։

Այս գործում ամենաակտիվը Արթուր Վանեցյանի ղեկավարած Հայրենիք կուսակցության անադմներն են։ Նրանք մեղադրում են առաջնորդներին պայքարը տապալելու մեջ։ Այստեղ հետաքրքիր է, թե ինչու՞ Արթուր Վանեցյանն այդ առաջնորդների կողքին չէ կամ ինչու ինքը չէր փորձում պայքարը գլխավորել, եթե գիտեին լուծման ճանապարհը։ Այդ օրերին հայտնի դարձավ, որ Վանեցյանը վատառողջ է ու կխոսի, երբ առողջանա, բայց այդպես էլ առ այսօր իր կողմից որևէ գնահատական չի լսվել։

Հայրենիք կուսակցության առաջնորդի գործունեությունը կտրուկ պասիվացել է Դիմադրության շարժման անկումից հետո։ Մի պահ նաև 2023 թվականի սկզբին հրապարակային ակտիվություն ցուցաբերեց և խոստացավ, որ այսուհետ իրեն ավելի հաճախ կտեսնեն տարբեր հարթակներում, բայց այդպես էլ որևէ հարթակում նրան տեսնող չեղավ։ Տարվա սկզբին, ըստ էության, պարոն Վանեցյանը հույս ուներ դառնալ ընդդիմադիր դաշտի քաղաքապետի միասնական թեկնածու, որը չիրականանալու պատճառով էլ պասիվացել է։

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանն իր տեղը չի գտնում ներկա ընդդիմադիր դասավորությունում և իր թիմակիցների ակտիվ մեղադրանքներն ընդդիմադիր տարբեր գործիչների հասցեին հուշում են, որ այս քաղաքական միավորրին ձեռնտու է ընդդիմադիր դաշտում վերակազմավորում, որպեսզի կարողանան նոր դասավարությունում իրենց տեղն ունենալ։ Թերևս սրանով է բացատրվում իր պասիվությունը։