Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնում է ՔԿ-ին վերագրվող մեղադրանքներին: Ներկայացնելով մանրամասները՝ Իվանյանը նշում է.
«Համացանցում շատ են քննադատությունները, որոնք կասկածի տակ են դնում «Էլարդ» ընկերության և նրա փորձագիտական խմբի ձեռնհասությունը տվյալ համալիր փորձաքննության իրականացման գործում: ՀՀ-ն դեռևս 2017 թվականից անդամ է արդյունահանող միջազգային կառույցի, հենց այդ նպատակով էլ միջազգային կառույցների հետ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի և Բնապահպանության նախարարության միջազգային հեղինակավոր ընկերություն գտնելու և փորձաքննության ներգրավելու հարցում դիմել է այդ ընկերությանը: Հայտարարվել է միջազգային մրցույթ, և դրա տեքստը տեղադրվել է Քննչական կոմիտեի կայքում: Միևնույն ժամանակ տարբեր միջազգային ընկերությունների հրավերներ են ուղարկվել, որպեսզի նրանք մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքում էլ նախապատվությունը տրվել է «Էլարդ» ընկերությանն ու նրա փորձագիտական թիմին: Նախապատվութունը տրվել է այն ընկերությանը, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում»:
Խոսելով համացանցում եղած վարկածներին, թե «Էլարդը» միջազգային կառույց չէ, և, հետևաբար, փորձաքննությունն էլ միջազգային չէ, Իվանյանն ասաց.«Փորձագետները ոչ միայն զուտ «Էլարդ»-ի փորձագետներն են, այլև «ԹիԱրՍի» ընկերության փորձագետները: Այսինքն՝ միջազգային չափանիշը ևս ապահովված է»:



