«Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ»,-այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրասմաները կտրամադրի ԱԱԾ լրատվական կենտրոնը»,-հավելել էր ԱԱԾ տնօրենը։
Այնուհետ հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
Politik.am-ը փորձեց ԱԱԾ-ից տեղեկանալ, թե ինչու չի բացահայտվում «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը հանրության համար, սակայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հայտնեց, որ այս պահին մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն և հավելյալ տեղեկություն լինելու դեպքում կտեղեկացնեն:



