Ինչպես տապալվեց բանակցությունը, կամ Ռուբեն Վա...

Վերջին օրերին հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ոմանք նրան անվանում են Արևմուտքի գործակալ, ոմանք Ռուսաստանի, կան շրջանակներ, ովքեր պնդում են, որ Ռուբեն Վարդանյանը եկել է Արցախը կործանելու։  Այն, որ Ռուբեն Վարդանյանը չի եկել Արցախը կործանելու նպատակով և որ որևէ երկրի գործակալ չէ լավագույնս վերլուծել է Արա Հարությունյանը (Արա Հարությունյանի պնդումներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ելնելով այս ամենից, իհարկե չենք պատրաստվում քննարկել Ռուբեն Վարդանյանի գործակալ լինել չլինելու հարցը, այլ քննարկելու ենք պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությունը։ Ակնհայտ է, որ Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնը իր համար կարիերայի վերջնակետ չի համարում և ակնհայտ է, որ նրա նպատակները կապված են Հայաստանում իշխանության գալու հետ (այս ցանկության մեջ դատապարտելի որևէ բան չկա իհարկե) և իր այս նպատակներից ելնելով Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնը օգտագործում է, որպես գովազդվելու հարթակ։ Հենց այս հանգամանքն է, որ անընդունելի է ծանրագույն վիճակում գտնվող Արցախի կյանքում։

Ռուբեն Վարդանյանը այնքան է տարված սեփական վարկանիշի բարձրացմամբ, որ Ադրբեջանը կարողացավ իր հայտարարությունը պատրվակ օգտագործելով տապալել Լաչինի միջանցքի բացման բանակցությունները։

Ճանապարհի փակման երրորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, երբ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում վերսկսվեց գազի մատակարարումը և քննարկվում էր նաև ճանապարհի բացումը` Ռուբեն Վարդանյանը շտապեց լայվ մտնել և հայտարարել «հայկական կողմի հաղթանակի» մասին․«Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը։ Ես ուզում եմ մեզ ողջունել էս հաղթանակով, որովհետև մենք ենք ցույց տվել մեր ուժը, և դա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք չենք ընկճվելու, խուճապի մեջ չենք ընկնելու, մենք ցույց տվեցինք, որ մենք իսկապես ունենք ուժ և կամք, և ամեն ինչ պետք է անենք մեր կյանքի, ապագայի համար։ Կարող է այսօրվա մեջ ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ, և՛ դրսում իրենք ընկել են մեծ ճնշումի տակ», - ասել էր Վարդանյանը և հաջորդ օրվա համար հրավիրեց հանրահավաք, խոսելով 88-ի ոգու մասին։

Վարդանյանի այս հայտարարությունից հետո Ադրբեջանցի բանագնացները տեղեկացրել են Վիտալի Բալասայանին, որ ճանապարհը չի բացվի, քանի որ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունից հետո իրենց երկրում ճիշտ չեն հասկանա, եթե բացեն ճանապարհը առանց որևէ զիջման։

Հենց այս դրվագը բավական է հասկանալու համար, որ Ռուբեն Վարդանյանը կարող է գնալ չհաշվարկված քայլերի` հանուն իր վարկանիշի և քաղաքական նպատակների, ինչ վտանգում է առանց այն էլ վտանգների տակ կքաց Արցախը։

Ռուբեն Վարդանյանի այս հայտարարությունից հետո Ադրբեջանը մեր ունեցած տեղեկություններով  ճանապարհի բացման նախապայման է դարձրել նրա հրաժարականը և հեռացումը Արցախից։ Սրա մասին խոսեց անգամ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը Մոսկվայում։

Հիմա ըստ էության Արցախի համար առավել բարդ իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին և հասկանալի է, որ նա հեռու է պետության կառավարումից, պոպուլիստական հակումներ ունի ու իր միակ նպատակը իր վարկանիշն է, որը պետք է ապագա քաղաքական գործընթացներում, մյուս կողմից այս փուլում նրան պաշտոնանկ անելը կնշանակի կուլ գնալ Ադրբեջանի պահանջներին, ինչը վստահաբար ավելի վատ հետևանքների կարող  է բերել։

Վարդանյանի հետ կապված այս դրվագն իհարկե չի նշանակում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դադարում է աղետաբեր լինելուց, դադարում է պատերազմի պարտության պատասխանատու լինելուց։ Սա չի նշանակում, որ Արայիկ Հարությունյանը դադարում է կոռուպցիոներ և հանցավոր լինելուց։ Սա նաև չի նշանակում, որ ճանապարհի բացման համար բանակցող Վիտալի Բալասանյանը ավելի լավ է հասկանում պետական կառավարումից, քան Ռուբեն Վարդանյանը։ Այս դրվագը մեկ բան է նշանակում, որ Ռուբեն Վարդանյանը իր տեղում չէ ու Արցախը նա փորձում է օգտագործել Հայաստանի հետ կապված իր քաղաքական պլանների իրագործման համար։ Սա նշանակում է, որ ցավոք Ռուբեն Վարդանյանի հետ մեծ հույսեր կապելը ևս անիմաստ է։