
Հայտնել էինք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով:
ArmLur.am-ը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե հասկանալու համար, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա կոմիտեում, և ինչ կարգավիճակ ունի նա։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
Իսկ ի՞նչ հանցավոր կազմակերպություն ստեղծելու մասին է խոսքը
Հուլիսի 15-ին Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն: Ըստ ՆԳՆ-ի Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը: Հուլիսի 1-ին, մանրակրկիտ նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրին անսպասելի խուզարկություն, և հմուտ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները: Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը: Մինչ այդ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:
Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ: Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ: Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար: Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ: Եվ ահա այս քրեկան վարույթի շրջանակներում էլ կալանավորվել է Արշակ Օրդուխանյանը:
Հերթական քրեական գործը Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է եւս մեկ քրեական գործով, որն արդեն դատարանում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա:
Ամբողջակա հոդվածը՝ սկզբնաղբյուրում: