Ինչպե՞ս են «Սասնա ծռեր»-ը պատրաստվում կանխել...

«Այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել, քանի որ հակառակորդ ուժերը, որոնք փորձում են Հայաստանում օրինական հաստատված իշխանությունը տապալել իրենց քայլերը հրապարակային չեն անում»,- այս մասին Politik.am-ին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության խոսնակ Վահագն Ավագյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում կանխել հների ռևանշը:

Հիշեցնենք, որ կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նման տեսակետ էր հայտնել. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը»:

«Իհարկե, մեր տեսանկյունից՝  մեր ջանքերը պետք է ուղղված լինեն Հայաստանում առկա ճգնաժամերի հաղթահարելուն, քանի որ բոլոր ոլորտներում ճգնաժամեր ունենք՝ ժառանգած նախկին ռեժիմից: Մեր  առաջնային նպատակն այդ ճգնաժամերը հաղթահարելն է և սահմանադրական կարգ ապահովելով՝ համերաշխության մթնոլորտ ստեղծելը»,- ասաց Վահագն Ավագյանը:

Հարցին՝ այսի՞նք այդ ռևանշը կանխելուն ուղղված ձեր գործողությունները կախված են հների քայլերից, կուսակցության խոսնակն արձագանքեց.

«Այդպես չենք պայմանավորի: Հների հետ ամեն ինչ վաղուց պարզ է, իրենք հանցավոր համաձայնությամբ պետությունը զավթել են ժողովրդից և ծառայեցրել իրենց անձնական շահերին: Իրենց պետք է շատ արագ հասարակությունից մեկուսացնել և նստեցնել հայ ժողովրդի դատի առաջ:

Մեր քայլերը պետության կառուցման, սահամանադրական կարգերի ապահովման համար ավելի բարդ են և նախկինների հետ կապակցված են այնքանով, որքանով նրանք կարող են խոչընդոտել այդ քայլերին: Այստեղ իհարկե հսկայական ստեղծագործական աշխատանք կա: Մեղմ է ասել՝  մեր կառավարությունը ուշացնում է կատարել այդ աշխատանքը: Առկա ճգնաժամները ապացուցում են, որ պետք է շտապել և արմատական միջամտություն իրականացնել»,- ասաց նա: